BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«ՀՀԿ-ն երբեք չի օգտագործել վարչական ռեսուրսը»

«ՀՀԿ-ն երբեք չի օգտագործել վարչական ռեսուրսը»
14.02.2017 | 00:47

Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների, մարզային կառույցների ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են քարոզչության համար։ Մտնում ենք նախընտրական փուլ, բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման արջի ծառայություն չմատուցեն, անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են հետապնդում»։ Մինչ այդ մամուլը և քաղաքական գործիչներն արդեն նշել էին, որ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը նախընտրական շրջանում գերազանցել է իր լիազորությունները։ Գեղարքունիքի մարզպետ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ «արջի ծառայության» վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք։ Ի դեպ, մարզպետն առաջադրվել է ՀՀԿ տարածքային ցուցակով, այլ խոսքով, մասնակցելու է ռեյտինգային ընտրությանը։

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կարող եք և՛ վարչապետի նախազգուշացմանը հետամուտ լինել, և՛, որպես թեկնածու, մասնակցել ընտրություններին։
-Բնականաբար, վարչարարական ռեսուրսը գործի չենք դնելու։ Օրենքը տալիս է հնարավորություն այդ շրջանում որպես մարզպետ արձակուրդ վերցնելու և մասնակցելու ընտրություններին։ Այսինքն, աշխատանքից դուրս եմ գալու և զբաղվելու նախընտրական հարցերով։
-Ե՞րբ եք պատրաստվում արձակուրդ վերցնելու։
-Երբ մեկնարկի նախընտրական շրջանը։ Այս պահի դրությամբ նույնիսկ որպես ռեյտինգային թեկնածու գրանցված չեմ։ Երբ գրանցվեմ, ըստ օրենքի կշարժվեմ ու արձակուրդ կձևակերպեմ։
-Ստացվում է` մարզպետարանի աշխատանքը, այսպես թե այնպես, կաթվածահար է լինելու։ Արդյոք ճի՞շտ է, որ մարզպետը ևս ընդգրկվի ռեյտինգային ցուցակում։
-Աշխատանքները, բնականաբար, կաթվածահար չեն լինելու։ Օրենքով ամեն ինչ կարգավորված է։ Մարզպետի բացակայության պայմաններում նրան փոխարինում է տեղակալը։ Մարզպետարանն ունի երեք փոխմարզպետ, նրանցից մեկը կփոխարինի ինձ։
-Ճիշտ է, արձակուրդում կլինեք, բայց կարող եք, որպես մարզպետ, օգտագործել վարչական ռեսուրսը։ Այդպես չէ՞։
-Դա բացառված է։ Վարչական ռեսուրսի օգտագործումը հակառակ էֆեկտն է ունենալու։
-Այսինքն, իշխող կուսակցությունը մշտապես «հակառակ էֆեկտի» ճանապարհո՞վ է գնացել, այդ դեպքում ինչպե՞ս է ընտրվել։
-ՀՀԿ-ն երբեք չի օգտագործել վարչական ռեսուրսն ընտրվելու համար։ Իսկ մարդկանց ինչ-որ բան պարտադրելու դեպքում հակառակ ազդեցություն է լինում։
-Եթե, օրինակ, Դուք հրահանգեք դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին աշխատել ՀՀԿ-ի օգտին, նրանք հակառակը կանե՞ն։
-Մեր մարզի անունից կխոսեմ ու վստահ կհայտարարեմ, որ ոչ մեկին ոչ մի հրահանգ չի տրվել։
-ՈՒրեմն, ինչպե՞ս է, որ ՀՀԿ-ն ընտրություններում առաջատար է եղել։
-Եկեք մեր մարզ ու հարցրեք բնակիչներին, թե ինչու են ընտրում ՀՀԿ-ն։ Կարծում եմ, բոլորն էլ տեսել են, թե ինչ աշխատանքներ է անում իշխող կուսակցությունը մեր մարզում։ Այն օրվանից, երբ ՀՀԿ-ն երկրի համար պատասխանատվություն է ստանձնել, շատ բան է արել։ Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրություններին, մարդիկ նայում են, թե տվյալ անձն ինչ է արել իրենց կյանքը բարելավելու համար, ինչպիսի հեղինակություն ունի։ Ժողովուրդն ամենաճիշտ գնահատականն է տալիս։
-Եթե ռեյտինգային ցուցակով ընտրվեք, կթողնե՞ք մարզպետի պաշտոնը։
-Ժամանակից առաջ չեմ ցանկանում ընկնել, երբ ընտրությունները կավարտվեն, կուսակցությունը կորոշի որտեղ օգտագործել իմ ներուժը։
-Փաստ է, որ այս ընտրություններում ռեյտինգային ցուցակով առաջադրված նույն կուսակցության ներկայացուցիչները համարյա թե հակառակորդներ են և ամեն ինչ անելու են կուսակցության համար ամենաշատ ձայն ապահովելու համար, որպեսզի նաև իրենք ընտրվեն պատգամավոր։ Ձեր մարզում «ռեյտինգայինների» միջև պայքարն արդեն թեժացե՞լ է։
-Չեմ ցանկանում բոլորի անունից խոսել, բայց համոզված եմ, որ մեր մարզում նման թեժացում չի լինի։ Կարծում եմ` քարոզարշավը կընթանա միասնության մթնոլորտում։

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ